Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չգիտեմ՝ էներգետի՞կ տարածաշրջան ենք, թե՞ ընտրյալ ազգ, բայց ինչ-որ վերին ուժ մեզ միշտ փրկել է կործանումից»

«Չգիտեմ՝ էներգետի՞կ տարածաշրջան ենք, թե՞ ընտրյալ  ազգ, բայց ինչ-որ վերին ուժ մեզ միշտ փրկել է կործանումից»
30.11.2018 | 00:37

«Իրատեսի» հյուրը երգչուհի, հեղինակ-կատարող, բանաստեղծ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ է:


-Սրբուհի՛, Ձեզ ուղղվելիք հարցաշարը կազմելիս աչքովս ընկավ Ձեր ֆեյսբուքյան պրոֆիլում զետեղված մի լուսանկար՝ Դալայ լամայի խոսքով. «Մարդիկ ստեղծվել են, որ սիրվեն: Իրերը ստեղծվել են, որ օգտագործվեն: Աշխարհը քաոսի մեջ է, որովհետև ամեն ինչ հակառակն է»: Հավատու՞մ եք, որ երբևէ կդադարի նյութի պաշտամունքի դարաշրջանը:
-Կարծում եմ, որ նյութի դարաշրջանը մոտենում է իր ավարտին և մենք մտնում ենք հոգևորի, հոգևոր ու մտավոր արժեքների դարաշրջան: Թե՛ քաղաքական դաշտում, թե՛ արվեստում, գրեթե ամենուր նշմարվում են այդ փոփոխությունները: Նոր, ուրիշ գիտակցությամբ երեխաներ են ծնվում: Աշխարհը փոխում է իր ուղեգիծը, դա անխուսափելի է: Պարզապես կուզեի, որ էլ ավելի արագ ընթանար այդ գործընթացը, որ ինքս էլ հասցնեի ապրել այդ աշխարհում:
-Չարի ու բարու հավերժական հակամարտությունը ի՞նչ հարաբերակցության մեջ է Հայաստան աշխարհում՝ ըստ Ձեզ: Մենք՝ քրիստոնյա երկրի մեր կարգավիճակով, առավելապես պաշտպանվա՞ծ ենք չարի գերակայությունից, թե՞ այն, իբրև իր փորձությունների տարածք, հատկապես մեզ է ընտրել ու օգտագործում:
-Դժվարանում եմ հարաբերակցության մասին խոսել, բայց և չէի էլ ուզի քրիստոնեական տեսանկյունից այն դիտարկել: Չգիտեմ՝ էներգետի՞կ տարածաշրջան ենք, թե՞ ընտրյալ ազգ, բայց ինչ-որ վերին ուժ մեզ միշտ փրկել է կործանումից: Հիմա առավել լարված ու կարևոր շրջանում ենք, մեր, որպես ազգի, լինելության եզրագծին: Էնպես եմ զգում, որ այդ վերին պաշտպանը հիմա մեզ է թողել ընտրությունը, մենք պիտի ընտրենք մեր ապագան - ազգային` հոգևոր, մշակութային կամ …

-Ձեր ստեղծագործական ուղուն հետևում եմ հայտնի «Տիրամոր գովքը» երգի կատարումից սկսած, որի երաժշտության հեղինակն է Ձեր մայրը՝ Աստղիկ Ստամբոլցյանը, տեքստինը՝ Խոյլի Վարդանը: Այս երգը միջնադարյան շարականների շունչն է բերում: Ինչպե՞ս է հնարավոր 20-րդ դարում ստեղծագործել ու մատուցել այնպես, որ այդքան մերձ ու հարազատ լինես դարավոր արմատներիդ:
-Ստեղծագործությունը կամ ձեռքով է կերտվում, կամ ծնվում: Այս երգը ծնվել է: Զարմանալի է, բայց այն թվերին, երբ առաջին անգամ մեծ լսարանին ներկայացրինք այս գործը, հոգևոր երգը արգելքի տակ էր: Անգամ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը վախ էր ապրում, որ տեսահոլովակը եթեր հեռարձակել թույլ չեն տա: Բայց ոչ միայն թույլ տվեցին հեռարձակել, այլև օրվա մեջ մի քանի անգամ էին ցուցադրում: Մտահոգություն ունեի, որ հաճախակի ցուցադրությունը կձանձրացնի: Ոչ միայն չձանձրացրեց, այլև մինչ օրս ապրում է, կատարվում: Ծնված երգ էր, հավատով երգված, առանց արհեստական վոկալ փաթեթավորման: Բոլորս միայն հոգով էինք երգում: Ծնվեց, որովհետև պետք է ծնվեր: Որովհետև 88 թիվն էր հասունանում, որովհետև հոգևոր զարթոնք էր պետք:
-Զարմանալի բան կատարվեց մեր տանը. մայրս, որ հոգևոր երաժշտության շնչով էր ապրում, իրեն հայտնի բոլոր շարականներից, չգիտես ինչպես, նախընտրեց այս երգը և աղոթելիս միշտ երգում էր: Անգամ օտարության մեջ գտնվող իր որդուն՝ եղբորս, այդ երգի՝ իր կատարման ձայնագրությունն էր ուղարկել: Երգում էր, բնականաբար, ոչ թե որպես երգ, այլ որպես աղոթք: ՈՒ ինքս էլ իմ մի պատմվածքի առանցքում այս երգը դրեցի. այն նվիրված է 2016-ի քառօրյա պատերազմի նահատակներին:
-Հուզեցիք այդ խոստովանությամբ:

-Վահագն Ստամբոլցյանի դերակատարությունը հայ արվեստի տարեգրության մեջ դժվար է մի քանի բառով բնութագրել: Իսկ Վահագն Ստամբոլցյան հորը հնարավո՞ր է: Կա՞ այնպիսի հակիրճ բանաձև, որով կբնորոշեք բացառիկ այդ անձնավորությանը:
-Նա միայն իմ հայրը չէր, իմ ամենամտերիմ ընկերն էր, ամենամեծ ուսուցիչը, հարազատ հոգի, մարդ, որն ինձ հասկանում ու զգում էր անվեհապահորեն, անգամ մեծ հեռավորությունից: Երբ քաղաքում էր լինում, առավոտներն ինձ արթնացնում էր, ու մենք միասին գնում էինք Զանգվի ձոր՝ արևածագը դիմավորելու: ՈՒշադրությունս սևեռում էր երկնքին, ամպերին, ծառերին, քարերին, ջրին, բոլոր ձայներին… ՈՒզում էր, որ այդ հանճարեղ երաժշտությունն ու պատկերները լսեի ու տեսնեի, զգայի: Մենք գաղտնիքներ երբեք չենք ունեցել, բացատրությունների կարիք երբեք չի եղել: Զարմանալի ու ոչ երկրային կապ էր: Անբացատրելի կապ էր…

-Ձեր կապը բնության հետ ակնառու է տնամերձ այգու ֆանտաստիկ լուսանկարների շնորհիվ: Տպավորություն է, որ մի մեծ պլանտացիայի տիրուհի եք: Ստեղծագործական աշխատանքը տուժու՞մ է, թե՞ շահում բնության հետ այդքան սերտ շփումից. նկատի ունեմ այն հանգամանքը, որ այդպիսի խնամված այգու տիրուհին ոչ քիչ ժամանակ պիտի հատկացնի դրա խմանքին:
-Չէ՜, այգիս շատ փոքր է, բայց ժամանակ, այո՛, խլում է: Վերջին շրջանում քիչ եմ ստեղծագործում: Երևի մի քիչ հիասթափվել ու ընկճվել եմ այսօրվա մեր մշակութային քաոսից, մուսաներիս վիրավորել: Հույս ունեմ՝ կներեն ինձ մի օր ու կվերադառնան: Հիմա հին բժշկությունն է ձգում: Հենց այդ պատճառով եմ այգով, բնական հողագործությամբ տարվել: Բուժական օճառներ եմ պատրաստում և նրանց մեջ օգտագործվող բուսական հումքն իմ այգում եմ աճեցնում, որ վստահ լինեմ:

-Դուք երգչուհի եք, հեղինակ-կատարող, բանաստեղծ, տեսաբան: Ո՞ր շնորհն է գերակա Ձեր նկարագրում:
-Ես ինձ երգչուհի եմ զգում: Նոր երգերի ընտրության պակասից սկսեցի ինքս ինձ համար գրել, դարձա հեղինակ-կատարող: Իսկ մնացածը հոբիներ են, վիճակներ, գումար վաստակելու ձև և ոչ ավելին:
-Ձեր բանաստեղծությունների անկեղծությունն ուղղակի կլանում է ընթերցողին, բայց ինձ համար դրանք ունեն մեկ այլ առանձնահատուկ որակ՝ անսպասելիությունը, քնարական ասելիքի նովելային հանգուցալուծումը: Դուք անակնկալների սիրահա՞ր եք:
-Ինչ գալիս է՝ գրում եմ: Ես ինձ բանաստեղծ չեմ համարում: Պարզապես չեմ ամաչում զգացմունքներիս ազնիվ մեկնաբանությունից: Եկածը չեմ շտկում: Բանաստեղծությունն ինձ համար հոգևոր ու զգացմունքային վիճակների արտահայտություն է, այն էլ միայն ֆեյսբուքյան էջի համար: Երբեք չեմ մտածել տպագրվելու մասին, չնայած առաջարկներ բազմիցս եղել են: Իսկ անակնկալներ սիրում եմ… իմ կյանքում կարևոր ոչինչ գծագրված չի եղել: Ամեն ինչս է անակնկալ եղել:
-Սրբուհի՛, Դուք երջանկության բանաձևը արտածում եք ինքնայրումի սխեմայով.
«Ինձ հանգցրին… դառա փլված, կիսամարմին, կիսամուր…
Քանի կա հույս, այրվեք մինչև ոսկորները, մինչ մրուր:
Երջանկության ճանապարհին չկա ոչ մի ուղեցույց,
Միայն այրվող կանթեղի մեջ թող յուղ խառնեն, ոչ՝ սառույց»:
Երջանիկ մարդիկ ինքնաբավ են թվում, ինքնայրումը և ինքնաբավությունը համադրելի՞ են:
-Ժամանակին ինչ-որ արհեստածին, հասարակական նորմեր պահպանում էի: Բայց հասունանալու հետ հասկանում ես, որ անկախ ամեն ինչից, պետք է լիովին ապրել: Լիովին սիրել, լիովին տառապել, լիովին նվիրվել, շնորհակալ լինել ամեն վայրկյանից, օրվանից, Աստծուց՝ այլևս երբեք չկրկնվող զգացմունքների ու զգացողությունների համար: Կիսատությունը, ամեն ինչում, նեղում է մարդուն, անհասկացություն թողնում: Ֆիլմի վերջն է, չէ՞, կարևոր: Իսկ ինքնաբավությունը լիարժեք երջանկություն չի կարող ապահովել: Ես կարող եմ և չշփվել: Ստեղծագործելու համար ինձ ոչինչ պետք չէ, համացանցն էլ բավարարում է իմ գրքի, երաժշտության, ինֆորմացիայի պահանջը: Կարող եմ, բայց երջանիկ զգալու ամենակարևոր բաղադրիչը մարդն է, նրա ջերմությունը, վերաբերմունքը, նրա հետ շփումը, նրա սերը: Հա՛, ամենակարևորը սերն է, հենց մարդու՛ սերը՝ երջանկությունը լիաժեք ապրելու համար: Մարդուն մարդ է պետք: Առանց սիրո ոչինչ էլ չի լինում, չի արարվում: Առանց սիրո ամեն ինչ անիմաստ է դառնում: Ես հաճախ եմ ինքնայրվում, բայց ամեն օր, անպայման, արևի հետ նորից ծնվում եմ, որ նորից ապրեմ։

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ